TOP նոր
» » » Սեյրան Օհանյան. Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին

Սեյրան Օհանյան. Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին

20-12-2016, 12:49 Դիտումներ: Քաղաքական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Սեյրան Օհանյան. Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ

Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, իսկ վերջին 17 տարիները ղեկավարելով ԼՂՀ և ՀՀ պաշտպանական գերատեսչությունները՝ այսօր չեմ կարող հանգիստ և անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին: Երբ երկրում կառավարման նոր համակարգ են փորձում ձևավորել՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, ապա յուրաքանչյուր կարող ուժ՝ քաղաքացի, քաղաքական կուսակցություն, իրավո՛ւնք ունի և պարտավո՛ր է իր ներուժը ծառայեցնել այդ զարգացումներին:

Տեղեկացնում եմ, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ եմ տվել հանգիստ և առանց զգայական զեղումների, հետագայում մերժել եմ ինձ առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները, քանի որ ցանկանում եմ իմ փորձը, գիտելիքները և ջանքերը ինքնուրույն ներդնել մեր պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար: Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման:

Ինձ համար քաղաքական գործընթացներում հայտ ներկայացնելը ինքնանպատակ չէ, այլ Հայրենիքին ծառայելու նոր ինքնադրսևորում: Քաղաքական կառավարման կայացած համակարգերում կարևոր են տարբեր դիրքորոշումներն ու բազմակարծությունը, որոնք հետագայում հիմք են դառնում նոր վերադասավորումների և վերախմբավորումների. «Եթե չկա երկրորդ կարծիք, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը»: Ես կտրականապես մերժում եմ, երբ քաղաքական գործիչների կարծիքների և տեսակետների բախումը վերածվում է ծայրահեղ հակամարտության, փոխադարձ թշնամանքի և ատելության: Դեմ եմ, երբ այլակարծությունը դառնում է քաղաքական հետապնդումների, զրպարտության, հայհոյախոսության թատերաբեմ: Ընտրապայքար մտնող բոլոր քաղաքական ուժերը և գործիչները պարտավոր են դրսևորել միմյանց հանդեպ փոխադարձ հարգանք և զսպվածություն:

Սահմանադրական փոփոխություններից հետո առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը արմատապես տարբերվում են մյուսներից, քանի որ անցում է կատարվել պետական կառավարման խորհրդարանական համակարգին: Այսինքն՝ մեզ սպասվում են ոչ թե սովորական ընտրություններ, այլ ընտրություններ, որոնք իրենց կարևորությամբ հավասարազոր են մինչ այժմ տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Նախագահական և ԱԺ ընտրությունները փոխարինվելու են մեկ՝ խորհրդարանական ընտրությամբ, որի արդյունքում ձևավորվելու է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունը:

Կարևորելով առաջիկա գործընթացները՝ ես սկսել եմ խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ: Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձևաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձևավորելու նոր որակի քաղաքական և տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ:

Ես իմ հետագա գործունեության ընթացքում, ինչպես նախկինում, մշտապես կանգնած եմ լինելու իմ ժողովրդի, իմ ծառայակից և մարտական ընկերների, մտավորականության, ուսանողության, սահմանին ապրող բնակիչների կողքին:

Տեսակետներս և մտահոգություններս հասարակությանը առանց միջնորդների ներկայացնելու, միևնույն ժամանակ՝ հետադարձ կապով մարդկանց լսելու, քաղաքացիների տեսակետներին ու մտահոգություններին անմիջապես ծանոթանալու նպատակով որպես միջոց կօգտագործեմ նաև իմ նորաբաց ֆեյսբուքյան էջը , քանի որ տեղեկատվական աշխարհում համացանցը հասարակության հետ շփման լայն հնարավորություններ է տալիս:

Առաջիկայում ընտրական գործընթացների հայտնի ձևաչափերում ես հանգամանորեն կներկայացնեմ այն ծրագրերն ու դրույթները, որոնցով առաջնորդվելու եմ իմ քաղաքական գործունեության ընթացքում»:

Հարգանքներով՝ Սեյրան Օհանյան


Легко купить, проще продать!
Ընտրեք տեսանյութ
«Նորավանք» հիմնադրամի տնօրենը սփյուռքի մամուլի և «Նոյեվ Կովչեգ» թերթի մասին
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS