TOP նոր
» » » Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

9-01-2017, 14:13 Դիտումներ: Մշակույթ, Տեսանյութ, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

«Մարդը պարտավոր է և պետք է ապրի տառապանքի երջանկությունը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել»: Նման համոզմունք է ունեցել ԽՍՀ և Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ, XX դարի կինոյի խոշորագույն նորարար ռեժիսորներից Սերգեյ Փարաջանովը:
Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է. 1924 թ. հունվարի 9, Թբիլիսի:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանն ամեն տարի այս օրը կազմակերպում է այց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ արվեստագետի հիշատակին, այնուհետև թանգարանում լինելու է հյուրասիրություն:

Panorama.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, խոսելով ռեժիսորի՝ հայ արվեստում թողած ավանդի մասին, ասաց. «Այսօր Հայաստանում այսքան ֆիլմեր են նկարահանվում: Լինում են ֆիլմեր, որ նույնիսկ հայերը չեն նայում, քանի որ շատ թույլ են: Այդ մարդը 45 տարի առաջ նկարահանեց ֆիլմ՝ «Նռան գույնը», որը մինչ օրս նայում է ողջ աշխարհը: Պատկերացրեք՝ ինչ մակարդակ է: Այսօր Հայաստանից որևէ անուն կա՞, որ ճանաչեն աշխարհում: Ինչ ուժ պետք է ունենար, որ այդ փակ երկրում նման ֆիլմեր ստեղծեր»:
««Նռան գույնով» Փարաջանովը կինոն մի քանի տասնամյակ առաջ մղեց»,- ասել է իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինին:

Ս. Փարաջանովը (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) մանկուց նկարել է, ջութակ և դաշնամուր նվագել: Դպրոցական տարիներին հաճախել է բալետի ստուդիա և դրամատիկական խմբակ: 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, 1951 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (Իգոր Սավչենկոյի արվեստանոց). դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է: 1949 թ-ից Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952 թ-ից՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցել է Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948 թ.) և «Տարաս Շևչենկո» (1952 թ.) ֆիլմերի նկարահանումներին:

Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներն» է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել:

1968 թ-ին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում Փարաջանովը ձեռնամուխ է լինում միջնադարյան հայ պոետ, աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» ֆիլմի ստեղծմանը (ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988 թ): Այս ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի:

1973 թ-ին, երբ Փարաջանովն սկսել է «Հրաշքն Օդենսում» (նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենին) ֆիլմի աշխատանքները, նրան բանտարկել են: 1977 թ-ին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման տակ ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982 թ-ին Փարաջանովը դարձյալ կեղծ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և 11 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:
«Օրվա չար մթնոլորտը հասու չէր նրա բնությանը: Չնայած դրան, նա դարձավ ամենահալածված և հետապնդվող արվեստագետը: Այդ ժամանակների նախախնամությունն էր: Նա մեղավոր էր, որովհետև ազատ էր»,- ասել է ռուս բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ: ԽՍՀՄ և ՌԴ պետական մրցանակների դափնեկիր Բելլա Ախմադուլինան:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։
Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 2010 թ. Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը վարպետի ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:
Սերգեյ Փարաջանովը մահացել է թոքերի քաղցկեղից` 1990 թվականի հուլիսին 21-ին Երևանում:
«Հուլիսի 20-ին Փարաջանովը անգիտակից վիճակում փոխադրվեց Երևան՝ Հանրապետական հիվանդանոց: Երեկոյան Գ. Դավիդովի և Գ. Զաքոյանի հետ միասին գնացինք տեսակցության: Նա պառկած էր, աչքերը փակ: Իսկ սարքավորումները ցույց էին տալիս արյան ճնշումը և երակազարկը: Երբ որոշեցինք գնալ, խնամող բուժքույրը մոտեցավ մեզ և, իմանալով, որ մենք Փարաջանովի մտերիմներն ենք, ասաց. «Իմ բազմամյա աշխատանքի ընթացքում առաջին անգամն եմ հանդիպում նման երևույթի, երբ անգիտակից վիճակում պառկած հիվանդին մոտենում են նրա մտերիմները, փոխվում են նրա արյան ճնշման և երակազարկի ցուցանիշները»: Երկու ժամ հետո դադարեց բաբախել Փարաջանովի սիրտը» (Զավեն Սարգսյանի հուշերից, hovikcharkhchyan.wordpress.com):

«Կինոյի աշխարհը մի հրաշագործիչ կորցրեց: Փարաջանովի երևակայությունը հավերժ կդյութի և ուրախություն կպարգևի աշխարհի ժողովուրդներին»,- հատված՝ Ֆեդերիկո Ֆելլինիի, Տոնինո Գուեռայի, Ջուլիետա Մազինայի, Ալբերտո Մորավիայի, Մարչելլո Մաստրոյանիի, Բեռնարդո Բերտոլուչիի՝ Փարաջանովի մահվան կապակցությամբ Երևան ուղարկած հեռագրից:



Легко купить, проще продать!
Ընտրեք տեսանյութ
«Նորավանք» հիմնադրամի տնօրենը սփյուռքի մամուլի և «Նոյեվ Կովչեգ» թերթի մասին
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS